«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Եթե կա իշխանություն և ընդդիմություն, կա և կլինի «էլ գող կատու, էլ քաչալ շուն»»

«Եթե կա իշխանություն և ընդդիմություն,  կա և կլինի «էլ գող կատու, էլ քաչալ շուն»»
01.08.2008 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՐԻՔ ՉԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՆՏՐԵԼ»
ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ, մեկ դերասանի թատրոնի անմրցելի վարպետ, ինչի լավագույն վկան նրա ներկայացում-մենախոսություններին միշտ և կարոտով սպասող հոծ լսարանն է, որին դերասանն այս անգամ հմայեց «Սեր և ատելություն» նոր ներկայացումով։
«ՄԵՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԾԱԳՈՒՄ Է ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ»
-Ինչո՞ւ «Սեր և ատելություն», և որտե՞ղ եք Դուք հավերժորեն նորոգվող այդ երկու «սուբստանցների» արանքում։
-Այդ մասին, անկեղծ ասած, չեմ էլ մտածել և, բնականաբար, չեմ ճշտել կարգավիճակս, թե որ սահմանագծում եմ, սիրո և ատելության որ տեղանքում։ Ես ուղղակի խոսում եմ այդ մասին, որովհետև տարիների հասունությունն ինձ հանգեցրեց այն մտքին, որ մարդու գերխնդիրն իր ներաշխարհում է, մինչդեռ նա այն փնտրում է դրսում։ Խոսքը մարդ-երևույթի մասին է և առհասարակ՝ հայ մարդու։ Իսկ մեր խնդիրների մեծ մասը ծագում է ատելությունից։ «Սեր և ատելությունը» պատրաստվեց մարտյան դեպքերից հետո։ Մինչ այդ ներկայացում էի պատրաստում՝ նվիրված մեր անկախության 90-ամյակին. Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա... Սակայն իրադարձությունների զարգացումը ստիպեց թողնել այն և անցնել մի ներկայացման, ուր մեր ներկա կյանքն է, նախընտրական ու հետընտրական կյանքը։
-Իրադարձությունների ճնշման տակ «մոռացա՞ք» մեր պատմական անցյալի հիշարժան օրերը։
-Չմոռացա և որոշ ժամանակ անց, անկասկած, կվերադառնամ նախկին մտահղացմանս։ Իսկ այս ներկայացման մեջ սիրո և ատելության հավերժական թեման ես սկսում եմ Ադամ-Եվայից, հասցնում մեր օրերը, տանում դեպի ապագա, քանզի մարդն իր ազատ ընտրության իրավունքն ի վերուստ է ստացել։ Ինչպիսի երկընտրանքի առջև էլ կանգնած լինի մարդ արարածը, ունի ընտրության իրավունք, սիրելու և ատելու իրավունք։ Նաև՝ սիրո և ատելության մեջ սխալվելու իրավունք։
-Ձեր ներկայացման լավագույն գնահատականը լեփ-լեցուն հանդիսասրահն է։ Ինչպիսի՞ն է, այնուամենայնիվ, դահլիճի արձագանքը։
-Ներկայացումը բուռն հետաքրքրություն է առաջացրել, ինչպես ասում են՝ դահլիճում ասեղ գցելու տեղ չի լինում։ Ցավոք, մշակույթի ու արվեստի մարդիկ չարձագանքեցին, իսկ մամուլն էլ բավական կողմնակալ էր, հատկապես ներկայացման քաղաքական ենթատեքստերը «կարդալու» հարցում։
-Ինքներդ ինչպե՞ս «կվերծանեիք» այսօրվա խճողված քաղաքականությունն ու նրա դերակատարներին։
-Քաղաքական գործիչները հաճախ ներկա իրավիճակը գնահատում են ճգնաժամային։ Ես ճգնաժամ չեմ տեսնում։ Տեսնում եմ որոշակի աշխուժացում, ինչպես երբ հիվանդը ոտքի է ելնում, և նրա առաջին քայլերը վախեցնում են շրջապատին։ Ես առողջ մրցակցություն եմ տեսնում։
-Մրցակցություն ո՞ւմ կամ ինչերի՞ միջև։
-Ժողովուրդը չի կամենում ապրել ինչպես նախկինում էր ապրում, քանզի նրա հոգևոր-արժեքային մակարդակն այսօր շատ ավելի բարձր է։ Դրա բնական արդյունքն է, որ ժողովուրդը գուցե բնազդով ընտրեց իր առաջնորդին ու գնաց նրա հետևից։ Գնաց Լևոն Տեր-Պետրոսյանի հետևից, քանզի նրան էր վստահում իր կյանքի վերափոխումը։ Իսկ 2003-ին շարժումը մարեց, քանզի ժողովուրդն իր առաջնորդին դեռ չէր գտել։
«ՇԱՐԺՈՒՄՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԻՆ ԿԱԽՎԱԾ Է ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՐԻ ՊԵՍ»
-Կարծիք կա, թե Տեր-Պետրոսյանի «աշխուժացրած» քաղաքական այս իրավիճակում Սերժ Սարգսյանը փակուղու առջև է հայտնվել։ Ձեր տեսակետը։
-Նա կանգնած է լուրջ բարեփոխումների շեմին, սկսել է իրականացնել դրանք, և այս հարթության մեջ նրան մաղթում եմ հաջողություն։ Համոզված եմ, որ ժողովրդական շարժումը նրան ոչ թե կվնասի, այլ կօգնի, քանզի նույն այդ շարժումն իշխանությունների գլխին կախված է դամոկլյան սրի պես։ Շարժումն ու իշխանությունները, առողջ մրցակցության պարագայում, լավ արդյունքի կարող են հասնել։ Ես ինքս ծայրահեղությունների կողմնակից չեմ, ընդ որում, երկկողմանի ծայրահեղությունների։ Չէի ցանկանա, որ շարժումը որդեգրեր «որքան վատ, այնքան լավ» կարգախոսը։ Սա մարտյան ագրեսիվ հոգեվիճակի հետևանքն է, մի տեսակ տրորված ճիչ։ Ի վերջո, դա բոլշևիկյան կարգախոս է։ Իշխանությունները պետք է իրենց հերթին ավելի լոյալ ու ըմբռնող լինեն, ավելի քաղաքակիրթ։
-Ենթադրվում է, որ իշխանության և ընդդիմության արանքում ջուր պղտորողը, այսպես կոչված, երրորդ ուժն է։ Այդպե՞ս է։
-Ջուր պղտորողները՝ մի կողմ, իսկ այսօր իշխանությունների լավագույն օգնականը, կարծում եմ, Տեր-Պետրոսյանն է, քանզի շարժման շնորհիվ իշխանությունները կգնան խոր բարեփոխումների և չեն կարող գլուխներն ազատել իմիտացիաներով։ Այս իմաստով շարժմանը կորով և համառություն եմ մաղթում։
Մենք երկու նախագահ ունեինք, այսօր ունենք երրորդը։ Երկիրը ծանր ու դժվարին օրեր է հաղթահարել և՛ ներքին, և՛ արտաքին կյանքում։ Վրիպումներով և թերացումներով՝ ամեն դեպքում նրանք ի զորու են եղել ապահովել հանրապետության առաջընթացը։ Ինչ էլ ասեն, և ովքեր էլ ասեն, միևնույն է, Արցախը Հայաստանի անքակտելի մասն է, և սա է ինձ համար ամենակարևորը։ Անկախ այն փոխադարձ մեղադրանքներից, թե այս կամ այն կողմը պատրաստվում է Արցախը հանձնել։ Իմ խորին համոզմամբ, քաղաքական լուրջ գործիչների խոսքերն ու գործերը շատ հաճախ հակասում են միմյանց։ Իսկ երբ խոսվում է, թե Սերժն ու Լևոնը միանում են Ռոբերտի դեմ, դա այսբերգի երևացող մասն է։ Էականը չէ սա, էականն այն է, որ նրանցից և ոչ մեկը Արցախը հանձնելու մտադրություն չի ունեցել, չունի և երբևէ չի ունենա։
«ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ ՈՒՆԵՆ՝ Ի ԴԵՄՍ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»
-Ներքաղաքական ներկապնակն ավելի ու ավելի գունեղ է դառնում՝ սևին ու սպիտակին խառնելով նոր գույներ։ «Սևի» ու «սպիտակի» այս կռիվը նույն կռիվը չէ՞, արդյոք, սիրո և ատելության միջև։
-Եթե կա «սև-սպիտակ», այսինքն՝ իշխանություն և ընդդիմություն, կա և կլինի «է՛լ գող կատու, է՛լ քաչալ շուն»։
-Հասարակությունը, այնուամենայնիվ, դեգերումների, խմորումների, տվայտանքների հորձանուտում է։ Ինչո՞ւ և մինչև ե՞րբ։
-Իր նախընտրած առաջնորդների կերպարում նա նախ բարոյականություն է փնտրում։ Իսկ քաղաքականության մեջ կարիք չկա բարոյականություն փնտրել։
-Ֆրանսիայում, որը Ձեր երկրորդ օրրանն է դարձել, քաղաքականության մեջ բարոյականություն կա՞։
-Ոչ ավելի, քան Հայաստանում։ ՈՒղղակի ինչ-որ որակական առանձնահատկություններ կան, քանզի Ֆրանսիան անցել է դեմոկրատիայի մեծ դպրոց։ Բայց նրանց մամուլում հրապարակված ծաղրանկարները մեզ մոտ անընդունելի են։ Ես շոկի մեջ էի, երբ 94-ին ֆրանսիական «Կանաղ անշենե» երգիծաթերթում ծաղրանկարներ տեսա, ուր... Շիրակի և Միտերանի սեռական մերձեցումների պատկերումն էր։ ՈՒ դա ոչ մեկի պետքը չէր, նայում էին, ծիծաղում, դեն նետում։
-Մարտյան դեպքերի «ֆրանսիական տարբերակի» հանդիպե՞լ եք։
-Սպասում էի այդ հարցին։ Նրանց մոտ անկարգություններից հետո, անգամ երթերից հետո ահռելի ավերածություններ են լինում։ Իհարկե, ամենուր, այդ թվում` մեզ մոտ, նման ավերածությունները կազմակերպիչներ ունեն՝ ի դեմս հատուկ ծառայությունների։
«ԵԿԵՂԵՑԻՆ ՊԵՏՔ Է ԼԻԱՐԺԵՔ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՆ»
-Հուսանք՝ մարտյան դեպքերն անդարձ անցյալ են։ Ինչի՞ է կարոտ հայ հասարակությունն այսօր։
-Սիրո և ջերմության։ Այն սիրո և ջերմության, որով մայրն է սիրում իր մանկանը։ Յուրաքանչյուրը, խոսելով ժողովրդի մասին, պետք է գիտակցի, որ խոսում է հարազատ մոր մասին։ ՈՒնենք, անշուշտ, խոր սոցիալական խնդիրներ, սակայն դրանք լուծելի կդառնան նախ համապետական սիրո և ջերմության պարագայում։
-Ո՞րն է Ճանապարհը։
-Ես մեծ տեղ եմ հատկացնում Հայ առաքելական եկեղեցուն, քրիստոնեական դավանանքին և արժեքային համակարգին։ Եկեղեցին, կարծում եմ, Սահմանադրությամբ լիարժեք մասնակցություն պետք է ունենա երկրի քաղաքական կյանքին։ Որևէ կասկած չունեմ, որ ժողովուրդը դուրս եկավ ոչ թե սոցիալական խնդիրներ լուծելու, նա դուրս եկավ անբարո երևույթների դեմ։ Դժվար է, ի վերջո, շարունակ համակերպվել այն մտքին, որ ծանր պայմաններում պետություն կառուցող ժողովրդի հաշվին ոմանք լոգանք են ընդունում շամպայնով լի լողավազաններում։ Կարծում եմ, որ նախ երկրի ղեկավարությունը չպետք է ժամանակ ունենա բիզնեսով զբաղվելու։ Ես սա ուղղակի չեմ հասկանում։ Գուցե մեր ազգային հոգեմտակերպի հետևանք է, երբ մտածում են, թե նախագահը պետք է անպատճառ պատկառելի փոր ունենա, չխեղճանա Նորվեգիայի թագավորի կամ Ռուսաստանի նախագահի ընկերակցությամբ։ Այսինքն՝ երբեմն երկրի նախագահին ոմանք շեյխի կերպարով են պատկերացնում։ Բայց նախագահի ուժն ու ներկայանալի լինելը նրա բարձր առաքինություններն են։
-Նախագահ-հասարակություն կապն ինչպե՞ս եք տեսնում այսօր։
-Գիտե՞ք, երբ ես նմանակում եմ Լևոնին կամ Սերժին, դահլիճը միահամուռ ուշաթափվում է, այսինքն՝ որևէ կողմնակալ բան չկա, թեկուզ և ոմանց վերքերն եմ տրորում, անշուշտ, առանց չարության, ավելի շուտ՝ թախիծով։ Ես երջանկության մեջ եմ, երբ դահլիճը չի չարախնդում, չնայած հանդիսատեսների մեջ տարբեր քաղաքական համոզմունքների տեր մարդիկ են։ Առհասարակ, երբ որևէ երկրում, որևէ հասարակության կյանքում ինչ-ինչ արժեքներ ավելի բարձր են, քան սերն աստվածային, ամեն բան կորած է։ Միացյալ Նահանգներում բարեկեցությունն ու բարոյականությունը քայլում են ձեռք ձեռքի։ Սակայն նույն այդ հասարակությունում անգամ սերը, միությունը ամուսինների միջև կարգավորվում են պայմանագրերով, Սահմանադրությամբ։ Պատահական չէ, որ նրանց ղեկավարում է Բուշի նման մեկը։ Մենք ևս մեր զարգացման ճանապարհին հավերժորեն փնտրում ենք բարեկեցություն և բարոյականություն։ Մենք շատ արագ ապահովում ենք մեր բարեկեցությունը և իսկույն անցնում բարոյականի փնտրտուքին։ Քաղաքական ցանկացած բարեփոխիչ գործչի կերպարը քննարկելիս մենք հիշում ենք նրա անցյալը, անցյալում գործած նրա սխալները, բայց չէ՞ որ քրիստոնեությունը մի զարմանալի հարմոնիա է ստեղծել և ասում է՝ յուրաքանչյուր թագավոր պիտի ծառայի իր ժողովրդին։ Փայլուն օրինակը Տիրոջ կողմից ոտնլվայի արարողությունն է։ Միաժամանակ նա պատգամում է հլու լինել սեփական թագավորին, քանզի վատթարագույն թագավորն անգամ Աստծո կամեցողությամբ է վեր բարձրանում։ Իսկ ի՞նչ է հասարակությանը երեկ և այսօր պարտադրվում. մարդու իրավունքներ՝ առանց նույն մարդու պատասխանատվության։
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԿԱ Է»
-Քրիստոնեական հարմոնիայի բացակայության պատճառով չէ՞, որ մերժվում կամ չի կայանում երկխոսությունն իշխանության և ընդդիմության, Սերժ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի միջև։
-Կարծում եմ, որ, այսպես թե այնպես, երկխոսությունն առկա է։ Եվ այն բավականին գործնական բնույթ ունի, այսինքն՝ «ես պարտադրում եմ, դու իրականացնում ես, դու չես գործում, ես զայրանում եմ և ունեմ իրավունք զայրույթս արտահայտելու»։ Ամենևին այն կարծիքին չեմ, որ կողմերը պետք է հաշտ ու խաղաղ քննարկումների շարք սկսեն, նրանք պետք է մրցակցեն և ապահովեն առաջընթացը, յուրաքանչյուրն իր դիրքերից։
-Մեր ավանդական «ֆինիշին» մոտեցանք։ Ինչո՞վ եք զբաղված։
-Պատրաստվում եմ ներկայացման, հետո՝ հաջորդին։ Դրանք ավարտ չունեն։
Հարցազրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 5611

Մեկնաբանություններ